Բաժին. Տնտեսական

FITCH-Ի ՆՈՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՔԻՉ ՀՈՒՍԱԴՐՈՂ ԵՆ

Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը վերանայել և արդյունքում իջեցրել է ընթացիկ տարվա համար համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները, ինչն, ըստ գործակալության վերլուծաբանների, պայմանավորված է վերջին ամիսներին համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերի կայունացման պայմաններում աշխարհի տնտեսական զարգացմանը սպառնացող նոր ռիսկերի ուժեղացմամբ:

Ըստ նոր կանխատեսումների՝ 2012 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն կաճի 2.3%-ով, իսկ 2013 թվականին՝ 2.9%-ով: Նշենք, որ մինչ այս ընթացիկ տարվա համար Fitch-ը կանխատեսել էր համաշխարհային տնտեսության 2.4% աճ, իսկ հաջորդ տարվա համար՝ 3% աճ:

Միևնույն ժամանակ, միայն զարգացած երկրների համար Fitch-ը կանխատեսում է 1.1% տնտեսական աճ՝ 2012 թվականին, և 1.8% աճ՝ 2013 թվականին: BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) երկրների համար վարկանիշային գործակալությունը կանխատեսում է 6.3% տնտեսական աճ` 2012 թվականին, 6.6% աճ՝ 2013 թվականին: Սպասվում է, որ առաջիկա տարիներին այս երկրները կլինեն համաշխարհային տնտեսության աճն ապահովող հիմնական «շարժիչ ուժը»:

Եվարգոտու համար Fitch-ը սպասում է ընթացիկ տարում 0.2% տնտեսական անկում, իսկ 2013 թվականին՝ ընդամենը 1.1% տնտեսական աճ:

Նշենք նաև, որ ըստ վերանայված կանխատեսումների՝ 2012 թվականին ամերիկյան տնտեսությունը կապահովի 2.2% աճ, իսկ 2013 թվականին երկրի ՀՆԱ-ի աճը կկազմի 2.6%:

Առաջիկա տարիներին որպես համաշխարհային տնտեսությանն առավել սպառնացող ռիսկեր Fitch-ն առանձնացրել է երկարաժամկետ փոխառությունների գնի կտրուկ աճը և  «նավթային շոկը», ինչը ենթադրում է համեմատաբար երկար ժամանակահատվածի կտրվածքով նավթի համաշխարհային գների շարունակական բարձրացում:

Share