Տնտեսական

Azimuth-ն ու Georgian Airways-ը կիրականացնեն առաջին ավիափոխադրումները Ռուսաստանի ու Վրաստանի միջև

Երեկ տեղեկացրել էինք, որ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը թույլտվություն է տվել ռուսական Azimuth ավիաընկերությանը չարտերային թռիչքներ իրականացնելու Ռուսաստանից Վրաստան։

Ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 19-ից Azimuth-ը կիրականացնի ամենօրյա չվերթեր Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ։ Նրանք նշել են, որ A4851 չվերթը Վնուկովո օդանավակայանից մեկնելու է 08:50-ին և Թբիլիսի կժամանի 13:50-ին։ Հետադարձ չվերթը՝ A4852, մեկնում է Թբիլիսիից 14:55-ին և Վնուկովո կժամանի 17:30-ին։ Ավիատոմսերի արժեքը 200 եվրոյի շրջակայքում է:

Վրացական ավիաընկերությունները ևս թռիչքներ կիրականացնեն դեպի Ռուսաստան: Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաղորդել է, որ «Georgian Airways»-ին թույլատրել է Թբիլիսիից Մոսկվա ուղիղ ավիաչվերթներ իրականացնել մայիսի 20-ից։

««Georgian Airways» ավիաընկերությունն սկսում է կանոնավոր չվերթները Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ: Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ավիաընկերության ուղարկած հայցի համաձայն՝ մայիսի 20-ից թռիչքները կիրականացվեն շաբաթական յոթ անգամ», – ասվում է գործակալության տարածած հայտարարության մեջ:

Share