Բաժին. Տնտեսական

ԱՀԿ. ՃԳՆԱԺԱՄԸ ԳՆԱՑ, ՀԵՏՔԸ ՄՆԱՑ

2012 թվականին միջազգային առևտուրը կաճի ընդամենը 3.7%-ով: Այսպիսին է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր՝ վերանայված կանխատեսումը:

Նշենք, որ ըստ վերջին ճշգրտված տվյալների՝ 2011 թվականին միջազգային առևտրի ծավալն աճել է 5.0%-ով՝ նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով աճի տեմպի կտրուկ անկում: 2010 թվականին միջազգային առևտրի ծավալն աճել էր 13.8%-ով:

Ինչպես նշվում է ԱՀԿ հայտարարության մեջ՝ 2008-2009 թվականներին համաշխարհային տնտեսությունը ցնցած ճգնաժամից արդեն անցել է շուրջ 3 տարի, սակայն միջազգային առևտուրը դեռևս գտնվում է «ճգնաժամային տրամադրության մեջ»: Միջազգային առևտրի, և, ընդհանուր առմամբ, համաշխարհային տնտեսության կայունացմանը դեռևս սպառնում են մի շարք ռիսկեր:

ԱՀԿ կանխատեսմամբ՝ 2012 թվականին զարգացած երկրներն արտահանման ոլորտում կապահովեն 2.0% աճ: Միևնույն ժամանակ, զարգացող երկրներից արտահանումը կաճի 5.6%-ով:

Կանխատեսվում է, որ 2012 թվականին համաշխարհային ՀՆԱ-ն կաճի 2.1%-ով: Նշենք, որ 2011 թվականին ցուցանիշը կազմել էր 2.4%:

Սպասվում է նաև, որ 2013 թվականին միջազգային առևտրի ծավալը կաճի 5.6%-ով:

Share