Բաժին. Տնտեսական

Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԿԱ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿ

Հայկական արտադրության ապրանքներն առավելապես արտահանվում են Գերմանիա, Ռուսաստան և Բուլղարիա: Այս երկրները Հայաստանի հիմնական գործընկերներն են՝ արտահանման ոլորտում: 2012 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով Գերմանիային բաժին է ընկել ՀՀ արտահանման ծավալների 22.2%-ը, Ռուսաստանին՝ 15.0%-ը, Բուլղարիային՝ 8.4%-ը:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ հաշվետու այս երեք ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանից Գերմանիա արտահանումն աճել է շուրջ 2 անգամ և կազմել 77.0 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 52.2 մլն ԱՄՆ դոլար՝ գրանցելով 41.2% աճ: Հայաստանից Բուլղարիա արտահանումը կազմել է 29.2 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատությամբ կրճատվելով շուրջ 33%-ով:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամիսների արդյունքներով ՀՀ արտահանման ծավալների 7.5%-ը բաժին է ընկել Բելգիային, 7%-ը՝ Իրանին, 5.8%-ն՝ ԱՄՆ-ին, 5.7%-ը՝ Նիդերլանդներին, 4.8%-ը՝ Կանադային, 3.6%-ը՝ Վրաստանին, 3.6%-ը՝ Իսպանիային: Մյուս երկների մասնաբաժինը կազմել է 3%-ից ցածր:

Նշենք նաև, որ ԱՊՀ երկրներին, ընդհանուր առմամբ, բաժին է ընկել ՀՀ արտահանման ծավալների 18.5%-ը, Եվրամիության երկրներին՝ 50.8%-ը:

Share