Բաժին. Տնտեսական

FACEBOOK-Ն ԻՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԸ ՎԱՃԱՌԵԼ Է 38 ԴՈԼԱՐՈՎ

Երեկ՝ մայիսի 17-ին, կայացել է Facebook-ի IPO-ն (արժեթղթերի առաջնային տեղաբաշխում), որի շրջանակներում ընկերությունն իր բաժնետոմսերի համար սահմանել է բավականին բարձր գին՝ 38 ԱՄՆ դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց: Արդյունքում, ստացվում է, որ IPO-ի ժամանակ ընկերությունը գնահատվել է շուրջ 104 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գործընթացի արդյունքում ներգրավված ընդհանուր գումարը կազմել է 18.4 մլրդ ԱՄՆ դոլար, որից 16 մլրդ ԱՄՆ դոլարը բաժին է ընկել ընկերությանն ու իր բաժնետերերին:  Ընդհանուր առմամբ, IPO-ի շրջանակներում վաճառվել է Facebook-ի 421.2 մլն արժեթուղթ:

Nasdaq բորսայում ընկերության արժեթղթերով առևտուրը կմեկնարկի այսօր՝ մայիսի 18-ին:

Հիշեցնենք, որ IPO իրականացնելու իր մտադրության մասին Facebook-ը պաշտոնապես հայտարարել էր ընթացիկ տարվա փետրվարին՝  ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հաձնաժողով (SEC) ներկայացնելով իր համապատասխան դիմումը:

2011-2012 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Facebook-ի զուտ շահույթը կրճատվել էր 12%-ով և կազմել 205 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության ապահոված եռամսյակային հասույթն այս ժամանակահատվածում աճել էր 45%-ով և գերազանցել 1 մլրդ ԱՄՆ դոլարը: Ներկայումս Facebook-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 900 մլն-ը:

Share