Բաժին. Տնտեսական

ՋՈՐՋ ՍՈՐՈՍ. «ԵՎՐՈՊԱՆ ՈՒՆԻ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ԱՄԻՍ ԺԱՄԱՆԱԿ»

Եվրոպական միասնական արժույթի՝ եվրոյի փրկության համար Եվրոպան ունի առավելագույնը երեք ամիս ժամանակ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ամերիկացի հայտնի ներդրող, միլիարդատեր Ջորջ Սորոսը:

Ինչպես հաղորդում է France 24 հեռուստաընկերությունն՝ այս կանխատեսումը Ջորջ Սորոսը ներկայացրել է համաշխարհային ֆինանսական շուկաների ներկայիս անկայունությանը նվիրված իր ելույթում: Ամերիկացի հայտնի ֆինանսիստը նշել է, որ եվրոպական առաջատար երկրները այս երեք ամիսների ընթացքում պետք է կարողանան ուղղել իրենց սխալներն ու վերանայելով իրականացվող քաղաքականությունը՝ մշակեն ու հաստատեն եվրոյի փրկության նոր ծրագիր: Այս տեսանկյունից, Ջորջ Սորոսը կարևորել է հատկապես Գերմանիայի դերն ու ընդգծել, որ առանց Գերմանիայի ծանրակշիռ խոսքի Եվրոպայում որևէ հարց չի լուծվում:

«Եվրոպական երկրները դեռևս չեն հասկացել, թե որն է իրենց ճգնաժամի պատճառը: Եվրոպան կարծում է, թե պատճառը բյուջետային խնդիրներն են, մինչդեռ գլխավոր պատճառը պետք է փնտրել եվրոպական բանկային համակարգի  ու եվրոպական արտադրողների մրցուցակության ոլորտում առկա խնդիրների մեջ», – նշել է Ջորջ Սորոսը:

Ամերիկացի ներդրողը նաև կարծիք է հայտնել, որ եվրոյի միասնական գոտուց Հունաստանի դուրս գալն իրատեսական է՝ պայմանավորված երկրում ընթացող քաղաքական գործընթացներով:

Share