Բաժին. Տնտեսական

FITCH-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային Fitch վարկանիշային գործակալությունը վերանայել և արդյունքում երեք աստիճանով իջեցրել է Իսպանիայի՝ թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշն օտարերկրյա և ազգային արժույթներով՝ այս սահմանելով BBB մակարդակում: Նշենք, որ մինչ այս վարկանիշը գտնվում էր A մակարդակում:

Միևնույն ժամանակ, գործակալությունը երկրի՝ թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը F1-ից իջեցրել է մինչև F2: Բոլոր վարկանիշների գծով կանխատեսումները «բացասական» են։ Այս մասին նշվում է գործակալության պաշտոնական հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ Fitch-ն իր այս քայլը պարզաբանում է Իսպանիայի բանկային համակարգի խնդիրների խորացմամբ: Գործակալության վերլուծաբանները գտնում են, որ Իսպանայի բանկային ոլորտի վերականգնման համար կպահանջվի 60 մլրդ եվրո, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 6%-ը:

Fitch-ի կանխատեսման համաձայն՝ 2015 թվականին Իսպանիայի պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 95%-ը:

2012 թվականի առաջին եռամսյակում «ճգնաժամային» Իսպանիայի ՀՆԱ-ն կրճատվել էր 0.3%-ով: Վերլուծաբաններն ու ներդրողները չեն բացառում, որ Իսպանիայի կարող է դառնալ եվրոյի գոտու միասնականությանն ու Եվրոպայի տնտեսական կայունացմանը սպառնացող հաջորդ երկիրը՝ Հունաստանից հետո:

Share