Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆ ՁԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 4 ԱՆԳԱՄ

Ձկնաբուծությունը ՀՀ գյուղատնտեսության հեռանկարային ոլորտներից է, և այս ոլորտում առկա խնդիրները պահանջում են հնարավորինս արագ լուծում:

Վերջին 2 տարիներին մեր հանրապետությունում լճակային ձկների արտադրության ծավալներն ավելացել են շուրջ 23%-ով և 2009թի 5280 տոննայի դիմաց 2011թին հասել 6814 տոննայի (911 տոննա թառափ, 3802 տոննա սաղմոնազգի ձկներ, 2101 տոննա կարպ, ծածան, պնդաճակատ, սպիտակ ամուր և այլն):

ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այսօր պաշտոնապես գրանցված շուրջ 250 ձկնաբուծական տնտեսությունները զբաղեցնում են 2677 հեկտար ջրային մակերես: Ըստ մասնագետների՝ նշված ջրային մակերեսների օգտագործման արդյունավետությունը դեռևս ցածր է. խնդիր, որի լուծումը ոլորտի կարևոր առաջնահերթություններից է:

Ձկնաբուծության զարգացման կարևոր խթաններից մեկը նաև ձկան արտահանման գործընթացի կազմակերպումն է: Անցյալ տարի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն ձկան արտահանման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ ու ջանքերով 24 ձկնաբուծական տնտեսություններում ռուսական կողմի անցկացրած դիտարկումների արդյունքում նշված տնտեսությունները հնարավորություն ստացան կազմակերպել թարմ և սառեցված ձկնեղենի արտահանումը ՌԴ:Այս հանգամանքը նպաստեց Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն ձկան արտահանման ծավալների կտրուկ ավելացմանը: Եթե 2010 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանվել է 428 տոննա ձուկ, ապա 2011 թվականին ձկան արտահանման ծավալներն ավելացան գրեթե 4 անգամ՝ կազմելով 1634,7 տոննա:

Ներկայումս նախարարության կողմից աշխատանքներ են տարվում արտահանող կազմակերպությունների ցանկը ընդլայնելու ուղղությամբ:

Հատկանշական է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՄԱԿի՝ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համագործակցության շնորհիվ Հայաստանը 2011 թվականին դարձավ Կենտրոնական Ասիայի և Կովկասյան երկրների ձկնաբուծական միջազգային կոմիտեի անդամ, հանգամանք, որը կնպաստի Հայաստանում ձկնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, ձկնաբուծական միջազգային կառույցներին մեր հանրապետության առաջատար ձկնաբուծարանների ինտեգրմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը:

Share