Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 6.2 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 341.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 348 մլրդ դրամ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից` հաշվետու ամիսներին եկամուտների և ծախսերի գծով ապահովվել է ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը` համապատասխանաբար 82.4%-ով և 74.8%-ով: Միևնույն ժաանակ, պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 36.8%-ով, ծախսերի գծով` 35.7%-ով:

Նշենք, որ հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի եկամուտներն աճել են 4.9%-ով կամ 16.1 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: 

Միևնույն ժամանակ, 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեից կատարված ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.7% ով կամ 15.6 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է 30.8%-ով անկում:

Արդյունքում, 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.2 մլրդ դրամ պակասուրդով` կիսամյակային ծրագրով նախատեսված 50.7 մլրդ դրամի դիմաց: 

Պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է -22.9 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 29.0 մլրդ դրամ: 

Share