Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱԿԱՆ ՅՈՒԱՆԸ ԳՐԱՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԸ

Չինաստանը մտադիր է ընդլայնել իր ազգային արժույթի միջազգային կիրառելիության մակարդակը: Նախատեսվում է, որ մոտ ապագայում Լատինական Ամերիկայում և Մերձավոր Արևելքում կբացվեն չինական յուանով առևտրային գործարքների իրականացումն ապահովող ֆինանսական կենտրոններ: Նշենք, որ ներկայումս Չինաստանի սահմաններից դուրս ազգային արժույթի կիրառությունը սահմանափակված է օրենսդրությամբ:

Ներկայումս Չինաստանը Մերձավոր Արևելքի երկրներից գնում է երկիր ներմուծվող նավթի 58%-ը, իսկ Լատինական Ամերիկայի երկրներից՝ 10%-ը: Ըստ կանխատեսումների՝ սպասվող փոփոխության արդյունքում չինական յուանի նկատմամբ համաշխարհային պահանջարկը կաճի, ներդրողների հետաքրքրությունը կմեծանա:

Լատինական Ամերիկայի հետ Չինաստանի առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 230 մլրդ ԱՄՆ դոլար, Մերձավոր Արևելքի երկրների հետ՝ 240 մլրդ ԱՄՆ դոլար:

Չինաստանի խոշորագույն առևտրային գործընկերը Ճապոնիան է (առևտրաշրջանառությունը կազմում է 344.9 մլրդ ԱՄՆ դոլար), որի հետ Չինաստանն արդեն իսկ անցել է ազգային արժույթների ուղղակի փոխարկելիությանը:

Հիշեցնենք, որ Չինաստանն իր ազգային արժույթի միջազգայնացման գործընթացը սկսել է 2009 թվականից՝ նպատակ հետապնդելով մինչև 2020 թվականն ամրապնդել յուանի դիրքերը որպես միջազգային պահուստային արժույթ:

Share