Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍԻՆ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՍՏԱՑԵԼ Է 33 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Ընթացիկ տարվա առաջին կեսին՝ հունվար-հունիս ամիսներին, մարդասիրական օգնության կարգով մեր երկիր են ներմուծվել 3115.4 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 13019.5 մլն ՀՀ դրամ (33.2 մլն ԱՄՆ դոլար): Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 6%-ով:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին ստացված օգնության 35.7%-ը կազմել են վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, 23.5%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 7.9%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 7.7%-ը` մանածագործական իրերը, 8.0%-ը` սարքեր և ապարատները, իսկ 17.2%-ը`մնացած ապրանքները:

Հատկանշական է, որ հունվար-հունիսին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների  շուրջ 41.0%-ը բաժին է ընկել Չինաստանին: Նախորդ տարվա համեմատությամբ Չինաստանի կողմից մեր երկրին տրամադրված օգնության ծավալներն աճել են շուրջ 54%-ով:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ին բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 17.4%-ը, Եվրամիության երկրներին` 20.2%-ը, ԱՊՀ երկրներին` 1.0%-ը:

Share