Բաժին. Տնտեսական

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԻՋԵՑՈՒՄ ՉԻ ԵՆԹԱԴՐՎՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդես են եկել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ պարզաբանումներով: Ըստ բանախոսների` կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում ընդունված «Եկամտային հարկի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ է մտնելու 2013 թվականի հունվարի մեկից, ինչով պայմանավորված` միավորվել են եկամտահարկը, պարտադիր սոցիալական ապահովության և անհատական սոցիալական ապահովության վճարներն ու դարձել մեկ` «Եկամտային հարկ»:

«Խնդիր է դրված օպտիմալացնել գործատուների հաշվետվությունները, որոնք բացառապես լինելու են էլեկտրոնային եղանակով: Դա նշանակում է, որ այսուհետ գործատուները պարտադրված չեն լինի այցելել հարկային մարմիններ»,- նշել է Արտեմ Ասատրյանը` պարզաբանելով նաև, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով աշխատավարձերի իջեցում չի ենթադրվում և աշխատողին վճարվող դրույքաչափային աշխատավարձի տնoրինվող եկամուտը 2013 թվականի հունվարին չպետք է պակաս լինի 2012 թվականին վճարված փաստացի աշխատավարձից:

«Օրենքն այնպես է մշակվել, որպեսզի աշխատակիցների փաստացի իրական եկամուտները չպակասեն. 2013 թվականի հունվարին յուրաքանչյուր աշխատող չպետք է պակաս գումար ստանա, քան ստանում էր 2012 թվականի դեկտեմբերին», – ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Share