Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՊԱՐԵՆԻ ԳՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԱՃՈՎ

Ընթացիկ տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ, համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գներն աճել են շուրջ 10%-ով: Ինչպես նշվում է Համաշխարհային Բանկի հայտարարության մեջ՝ գների աճը հիմնականում պայմանավորվել է ԱՄՆ-ում և Արևելյան Եվրոպայում գրանցված երաշտով:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու ամսում եգիպտացորենի և ցորենի գներն աճել են շուրջ 25%-ով, շաքարավազի գինը՝ 12%-ով: Նախորդ տարվա հուլիս ամսվա համեմատությամբ նվազել է միայն բրնձի գինը (շուրջ 4%-ով):

Համաշխարհային բանկի վերլուծաբաններն ընդգծում են, որ պարենի համաշխարհային  շուկայում գների նման աննախադեպ աճը բացասական ազդեցություն է թողնում միլիոնավոր մարդկանց բարեկեցության վրա: Առավել շատ տուժում են այն երկրները, որոնք զգալի ծավալներով ներմուծում են հացահատիկ:

Համաշխարհային բանկը բոլոր երկրներին կոչ է անում ձեռնարկել անհապաղ միջոցառումներ՝ պարենային ապրանքների գների աճից առավել տուժած բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու ուղղությամբ: Նշվում է, որ պարենի գների աճն առավել զգալի բացասական ազդեցություն է թողել Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների վրա:

Share