Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՐՀԻ 144 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ 82-ՐԴՆ Է

Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum) հրապարակել է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2012/13»-ը, համաձայն որի` Հայաստանը նախորդ տարվա համեմատ 10 տեղով բարելավել է իր դիրքը և 144 երկրների շարքում զբաղեցրել 82-րդ հորիզոնականը:

Մեր երկրի մրցունակության դիրքի բարելավումն, ըստ զեկույցի տվյալների, պայմանավորված է մակրոտնտեսական միջավայրի կայունության և ապրանքային շուկաների արդյունավետության տեսանկյունից գրանցված էական առաջընթացով: Մեր երկրի  ցուցանիշերը բարելավվել են նաև հաստատությունների, բարձրագույն կրթության և վերապատրաստման, աշխատուժի և ֆինանսական շուկայի ոլորտներում: Հայաստանը փոքր-ինչ հետընթաց է գրանցել ենթակառուցվածքների և տեխնոլոգիական պատրաստվածության առումով:

Ըստ զեկույցի՝ Հայաստանի հիմնական մրցակցային առավելություններն են աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու գործելակերպը, նոր բիզնես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների պարզությունը, ինչպես նաև մալարիայի, հանցագործությունների և ահաբեկչության՝ բիզնեսի վրա ազդեցության ցածր մակարդակը, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությունը,  բիզնեսի գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված պետական ծառայությունները,  ինչպես նաև վարձատրության և արտադրողականության կապի ցուցանիշները:

Ամենաէական թերությունների շարքին են դասվել մրցակցային այնպիսի հիմնախնդիրներ,  ինչպիսիք են մրցակցության դաշտի հետ կապված խնդիրները,  բիզնես կրթության որակը,  մաքսային գործընթացների բեռը,  շուկայի չափը,  ինչպես նաև բուհ-արդյունաբերություն կապը,  գիտահետազոտական հաստատությունների որակը և այլն:

2012/13 զեկույցի արդյունքներով Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը:Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Սինգապուրը,  Ֆինլանդիան,  Շվեդիան և Նիդերլանդները: 

ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում նախորդ տարվա համեմատ հետընթաց է գրանցել միայն Ռուսաստանը, որն այս տարի 66-րդ տեղում է: Ղազախստանը 51-րդն է, Ուկրաինան՝ 73-րդը, Ադրբեջանը՝46-րդը, Վրաստանը՝ 77-րդը:

Նշենք, որ «Համաշխարհային մրցունակության զեկույց»-ում երկրները դասակարգվում են Համաշխարհային մրցունակության ցուցչի (ՀԱՄ ցուցիչ) միջոցով: Վերջինս, հաշվարկվելով մրցունակության 12 հենասյուների հիման վրա, տալիս է երկրների մրցունակության ամփոփ գնահատական: Վարկանիշերի հաշվարկման հիմքում ընկած են վիճակագրական տվյալներ եւ ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքներ:

Share