Բաժին. Տնտեսական

2011-2012 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է 5 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՇԱՀՈՒՅԹ

2011-2012 ֆինանսական տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա հունիսի 30-ին, Երևանի կոնյակի գործարանն ապահովել է 5,01 մլրդ դրամի զուտ շահույթ՝ նախորդ ֆինանսական տարում գրանցված 2.4 մլրդ դրամ զուտ շահույթի դիմաց: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու տարում գործարանի արտահանման ծավալն աճել է ավելի քան 30%-ով և կազմել է 3,4 մլն լիտր, իսկ Հայաստանում վաճառքի ծավալը 1,06 մլրդ դրամից հասել է 1,5 մլրդ դրամի:

Արա Գրիգորյանը հայտնել է նաև, որ Երևանի կոնյակի գործարանն առաջին անգամ ֆերմերների հետ կնքելու է երկարաժամկետ պայմանագրեր` մինչև 9 տարի ժամկետով, ինչը կապահովի երկարաժամկետ և կայուն համագործակցության երաշխիքներ, ինչպես նաև կնպաստի այգիների պահպանմանն ու ընդալայնմանը:

Մթերման գների կապակցությամբ Երևանի կոնյակի գործարանի ներկայացուցիչը նշել է, որ այս տարի գործարանը խաղողը կմթերի մեկ կգ-ը 140 դրամով (Արարատյան դաշտում) և 130 դրամով (Տավուշի մարզում):

Նախատեսվում է այս տարի մթերել 24 հազար տոննա խաղող, որը 3000 տոննայով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:

Share