Բաժին. Տնտեսական

ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԳԵՐԱՐԱԳ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Մինչև 2030 թվականն Ինդոնեզիան իր ՀՆԱ-ի ծավալով կարող է առաջ անցնել Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից և ճանաչվել աշխարհի խոշորագույն 7-րդ երկիրը՝ Չինաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Բրազիլիայից և Ռուսաստանից հետո: Նման կանխատեսում են ներկայացրել McKinsey & Co. խորհրդատվական ընկերության վերլուծաբանները:

Սպասվում է, որ մինչև 2030 թվականն Ինդոնեզիայում ակտիվ սպառողների թիվը կավելանա շուրջ 90 մլն-ով:

Նշենք, որ այսօր Ինդոնեզիան աշխարհի խոշորագույն տնտեսությամբ երկրների վարկանիշում զբաղեցնում է 16-րդ տեղը: Արժույթի Միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով՝ 2011 թվականին երկրի ՀՆԱ-ն կազմել է 846 մլրդ ԱՄՆ դոլար:

ԱՄՀ-ն կանխատեսում է, որ 2017 թվականին Ինդոնեզիայի տնտեսության ծավալը կկազմի 1.8 տրիլիոն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, Գերմանիայի ՀՆԱ-ն կկազմի 3.9 տրիլիոն ԱՄՆ դոլար, Մեծ Բրիտանիայինը՝ 3.2 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով Ինդոնեզիայի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 6.37%-ով, որին առավելապես նպաստել է ներդրումների ու սպառման ծավալների աճը:

Ինդոնեզիայի կառավարությունն ակնկալում է, որ 2012 թվականի արդյունքներով երկրում տնտեսական աճը կտատանվի 6,1-6,5%-ի սահմաններում: 2013 թվականի համար կանխատեսվում է 6,3-6,7% տնտեսական աճ:

Share