Բաժին. Տնտեսական

FORBES-Ը ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հերթական անգամ գլխավորում է ամենահարուստ 400 ամերիկացիների վարկանիշը, որն ամեն տարի հրապարակում է Forbes-ը:  Ըստ հրապարակված տվյալների՝ Բիլ Գեյթսի ընդհանուր կարողությունը ներկայումս գնահատվում է 66 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա համեմատությամբ ամենահարուստ ամերիկացին հարստացել է 7 մլրդ ԱՄՆ դոլարով:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթն է՝ 46 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Նախորդ տարվա համեմատությամբ Ուորեն Բաֆեթի կարողությունը ևս ավելացել է 7 մլրդ ԱՄՆ դոլարով: Հարուստ ամերիկացիների առաջին եռյակը եզրափակում է Oracle ընկերության սեփականատեր Լարրի Էլիսոնը, ում կարողությունը գնահատվել է 41 մլրդ ԱՄՆ դոլար:

Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատությամբ հարուստ ամերիկացիների առաջին եռյակը մնացել է անփոփոխ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի հարուստ քաղաքացիների վարկանիշի չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են հայտնվել Koch Industries ընկերության համասեփականատերեր Չարլզ և Դեվիդ Կոխ եղբայրները, որոնցից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 31 մլրդ ԱՄՆ դոլար: Նրանց հաջորդում են Walmart առևտրային ցանցի հիմնադիրները՝ Ուոլտեր ընտանիքի անդամները, որոնք զբաղեցնում են առաջին տասնյակի վեցերորդից իններորդ հորիզոնականները:

Առաջին տասնյակը եզրափակում է Նյու-Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը՝ 25 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ:

Share