Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿՅԱՆ LEHMAN BROTHERS ԲԱՆԿԸ «ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆՈՒՄ Է»

Ամերիկյան Lehman Brothers Holdings բանկային խումբն ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից կմեկնարկի իր վարկատուների նկատմամբ պարտավորությունների մարման ծրագրի երկրորդ փուլը: Բանկի պաշտոնական հայտարարության համաձայն՝ վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 10.5 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ պարտավորությունների մարման առաջին փուլի շրջանակներում, որը մեկնարկել էր ընթացիկ տարվա ապրիլ ամսին, վարկատուներին փոխանցվել էր 22,5 մլրդ ԱՄՆ դոլար: Նախատեսվում է, որ վճարման երրորդ փուլը կմեկնարկի 2013 թվականի մարտ ամսին:

Հիշեցնենք, որ տարեսկզբին ամերիկյան ներդրումային Lehman Brothers բանկը, որը համարվում է 2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի «մեղավորներից մեկը», հայտարարել էր սնանկացման գործընթացից դուրս գալու մասին: Բանկը պատրաստակամություն էր հայտնել մարել իր բոլոր կուտակած պարտքերն ու կատարել վարկատուների հանդեպ ստանձնած պարտավորությունները:

Lehman Brothers Holdings Inc.-ն իրեն սնանկ ճանաչելու հայտ էր ներկայացրել 2008 թվականի սեպտեմբերի 15-ին: Այս փաստն այդ պահին վերջնականապես «ջախջախել էր» ներդրողների բոլոր հույսներն ու իր ետևից դեպի անկումը տարել ամերիկյան ողջ ֆինանսական համակարգը:

Միևնույն ժամանակ, անկախ աուդիտորական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ Lehman Brothers բանկը ֆինանսական լուրջ խնդիրների է ունեցել դեռևս 2001 թվականից: Այդ խնդիրները շղթայական կերպով անընդմեջ ավելացել են, իսկ բանկի ղեկավարությունն իր «արդյունավետ» քաղաքականության շնորհիվ դրանք գաղտնի է պահել:

Lehman Brothers-ն ԱՄՆ 4-րդ խոշորագույն ներդրումային բանկն էր: Սնանկացման գործընթացի մեկնարկի պահին բանկի ակտիվները գնահատվել էին 640 մլրդ ԱՄՆ դոլար:

Share