Բաժին. Տնտեսական

ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՇՈՒՐՋ 30 ՄԼՆ ՄԱՐԴ ԴԱՐՁԵԼ Է ԳՈՐԾԱԶՈՒՐԿ

2008 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ի վեր ամբողջ աշխարհում գործազուրկ մարդկանց թիվն աճել է շուրջ 30 մլն-ով: Միևնույն ժամանակ, շուրջ 40 մլն մարդ դադարեցրել է աշխատանք գտնելու փնտրտուքները: Այս մասին հաղորդում է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը:

Ըստ հրապարակված տվյալների՝ ներկայումս ամբողջ աշխարհում գործազուրկ է ավելի քան 200 մլն մարդ, որոնց շուրջ մեկ երրորդի տարիքը 25-ից ցածր է: Երիտասարդների շրջանում գործազրկության խնդիրն առավել սուր է այն երկրներում, որոնք ներկայիս պայմաններում պարտադրված են կտրուկ քայլեր ձեռնարկել պետական բյուջեի պակասուրդի կրճատման ուղղությամբ: Այդ երկրներից է, մասնավորապես, Հունաստանը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2012 թվականի հունիս ամսվա արդյունքներով Հունաստանի տնտեսական ակտիվ բնակչության շուրջ 25.1%-ը գործազուրկ է: Ցուցանիշը երկրի համար ռեկորդային է:

Նշենք նաև, որ ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տվյալներով՝ զարգացած տնտեսությամբ երկրներում գործազրկության մակարդակը հասել է 7.9%-ի. այս երկրներում ակտիվորեն աշխատանք է փնտրում 47.8 մլն մարդ:

Share