Բաժին. Տնտեսական

ԵՎՐՈՊԱՆ ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԿԻՐԱՌԻ ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները որոշում են ընդունել Իրանի նկատմամբ կիրառել նոր տնտեսական սահմանափակումներ: Այսպես, Եվրոպայի երկրներին այսուհետ արգելվում է Իրանից ներմուծել բնական գազ, ինչպես նաև այդ երկիր արտահանել տարբեր տիպի սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել նավթագազային և նավթաքիմիական արդյունաբերության մեջ: Բացի այդ, արգելվում է Իրանին մատակարարել այնպիսի արտադրանքներ և մետաղներ, որոնք կարող են կիրառություն գտնել իրանական միջուկային և հրթիռային ծրագրերում:

Միևնույն ժամանակ, ԵՄ արտաքին գործերի նախարարները որոշում են ընդունել արգելել եվրոպական բանկերին որևէ գործառնություն իրականացնել իրանական ֆինանսական կառույցների հետ, բացառությամբ միայն այն գործառնությունների, որոնք կապված են դեղամիջոցների, սննդամթերքի և հումանիտար օգնության մատակարարումների հետ: Որոշում է ընդունվել նաև ԵՄ «սև ցուցակում» ընդգրկել ևս 34 իրանական ֆինանսական կազմակերպություններ, որոնք ֆինանսական աջակցություն են ցույց տալիս Իրանի կառավարությանը:

Հիշեցնենք, որ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ կիրառվում է նաև նավթային էմբարգո:

ԵՄ արտաքին գործերի նախարարների պաշտոնական հայտարարության համաձայն՝ այս բոլոր նոր տնտեսական սահմանափակումները նպատակ են հետապնդում «պարտադրել» Իրանին գնալ որոշ փոխզիջումների՝ միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններում:

Նշենք, որ Իրանն իր միջուկային ծրագրի պատճառով գտնվում է միջազգային մեծ ճնշման տակ:  Իրանի նկատմամբ սահմանափակումներ են կիրառում նաև ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան:

Share