Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ՎԱՃԱՌՔԻ Է ՀԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԸ

Հունաստանի կառավարությունը մշակում է սեփականաշնորհման գործընթացի երկրորդ փաթեթը, որի շրջանակներում նախատեսվում է վաճառել պետության մասնաբաժինները հունական Hellenic Petroleum նավթարդյունաբերական ընկերությունում և երկրի երկու հիմնական նավահանգիստներում: Ինչպես հաղորդում են հունական պաշտոնական աղբյուրները` պետական ակտիվների վաճառքի մասով նոր մրցույթներ կհայտարարվեն առաջիկա ամիսներին: Սպասվում է նաև, որ պետությունը վաճառքի կներկայացնի իր մասնաբաժինը կոմունալ ծառայությունների ոլորտում առաջատար Thessaloniki Water ընկերությունում:

Նշենք, որ մասշտաբային սեփականաշնորհման ծրագրի առաջին փուլի ժամանակ Հունաստանի կառավարությունը վաճառքի էր հանել DEPA գազային ընկերությունը և OPAP խաղային հսկայի բաժնետոմսերի 33%-ը:

Սեփականաշնորհման ծրագիրը Հունաստանի կառավարության հակաճգնաժամային քաղաքականության կարևորագույն մասն է կազմում: Այս ծրագրի շնորհիվ նախատեսվում է մեծացնել մուտքերը պետական գանձարան և աջակցել երկրի տնտեսության արդիականացմանը:

Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրամիության կողմից Հունաստանին տրամադրված ֆինանսական օգնության փաթեթի պայմաններով` մինչև 2015 թվականի ավարտը Հունաստանը պետական սեփականության վաճառքից և վարձակալությունից պետք է ներգրավի 19 մլրդ եվրո, իսկ մինչև 2020 թվականը` շուրջ 50 մլրդ եվրո:

Վերլուծաբանների գնահատմամբ` ներկայումս սեփականաշնորհման գործընթացն ընթանում է շատ դանդաղ, որի հիմնական պատճառը Հունաստանում տիրող քաղաքական անկայուն իրավիճակն է, ինչպես նաև ներդրողների շրջանում շատ ցածր հետաքրքրությունը Հունաստանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Հունաստանը տնտեսական անկման մեջ է 2008 թվականից: 2011 թվականի արդյունքներով երկրի տնտեսությունը կրճատվել էր 7%-ով:

Հունաստանի վարկատու «Եռյակ միության»՝ Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրահանձնաժողովի և ԱՄՀ-ի կողմից օգնության առաջին վարկային փաթեթը՝ 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով, Հունաստանը ստացել էր 2010 թվականին: Երկորդ փաթեթը՝ 130 մլրդ եվրո ծավալով, հաստատվել էր այս տարվա մարտ ամսին:

Share