Բաժին. Տնտեսական

DOING BUSINESS-2013. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է ԵՎ ՀԱՅՏՆՎԵԼ 32-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ

Համաշխարհային բանկը կազմել և հրապարակել է Doing Business-2013 տարեկան զեկույցը: Այստեղ ամփոփ ներկայացված են աշխարհի 185 երկրում գործարարությամբ զբաղվելու հիմնական ցուցանիշները: Զեկույցում դիտարկվել են ցուցանիշներ, որոնք վերաբերում են փոքր և միջին բիզնեսի կայացմանը, գործարար միջավայրին և բիզնեսի «խաղի կանոններին»:

Արդյունքում, կազմվել է բիզնեսի համար թափանցիկ երկրների վարկանիշը, որի առաջին հնգյակում, նախորդ տարվա համեմատությամբ, փոփոխություններ չեն գրանցվել: Բիզնեսի համար առավել նպաստավոր երկրներն են Սինգապուրը, Հոնկոնգը, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ն ու Դանիան:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը մեկ տարվա ընթացքում 18 կետով բարելավել է իր վարկանիշը` զբաղեցնելով 32-րդ տեղը:

Ըստ զեկույցի` Հայաստանն էականորեն բարելավել է իր դիրքերը հետևյալ չորս ոլորտներում` շինարարական թույլտվությունների ստացում, էլեկտրականության մատակարարում, ներդրողների պաշտպանություն, հարկերի վճարում: Որոշ ցուցանիշների գծով գրանցվել է հետընթաց: Այսպես, Հայաստանում առավել դժվարացել է բիզնեսի հիմնումը, կրճատվել է վարկերի հասանելիությունը ու բարդացել է միջազգային առեւտուր վարելը: Սեփականության գրանցման, պայմանագրերի կիրարկման և անվճարունակության հետ կապված հարցերի կարգավորման ոլորտներում Հայաստանի դիրքը մնացել է անփոփոխ:

Նշենք, որ Ադրբեջանն Doing Business-2012 վարկանիշում 67-րդն է, Վրաստանը` 9-րդը:

Share