Բաժին. Տնտեսական

ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԱՃԵԼ Է 45%-ՈՎ

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում սմարթֆոնների համաշխարհային շուկայում վաճառվել է 179,7 մլն սմարթֆոն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատութամբ ցուցանիշն աճել է 45,3%-ով:

Ինչպես հաղորդում է IDC վերլուծական ընկերությունը՝ հաշվետու ամիսների արդյունքներով սմարթֆոնների համաշխարհային շուկայի առաջատարները շարունակում են մնալ Samsung-ը և Apple-ը: Հարավկորեական Samsung ընկերությունը հաշվետու եռամսյակում վաճառել է 56,3 մլն սմարթֆոն՝ տարեկան կտրվածքով ապահովելով վաճառքի ծավալների շուրջ 2 անգամ աճ: Արդյունքում, ընկերության մասնաբաժինը շուկայում կազմել է 31%: Apple-ը, վաճառելով 26,9 մլն սմարթֆոն, ապահովել է շուկայի 15% մասնաբաժին:

Սմարթֆոնների արտադրությամբ առաջատար մյուս ընկերությունների՝ RIM-ի, ZTE-ի և HTC-ի մասնաբաժինները շուկայում կազմել են 4,0-4,3%:

Հաշվետու ամիսների արդյունքներով բջջային հեռախոսների արտադրության ոլորտում երբեմնի բացարձակ առաջատար Nokia ընկերության չի հաջողվել հայտնվել սմարթֆոնների համաշխարհային շուկայի 5 առաջատարների շարքում: Գիտակցելով իր պարտությունը՝ Nokia ընկերությունը մեկնարկել է նոր համագործակցություն Microsoft-ի հետ: Գործընկերության շրջանակներում Nokia-ն կարտադրի Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ: Այս համագործակցության շնորհիվ Nokia-ն կփորձի դիմակայել սմարթֆոնների շուկայում առկա սուր մրցակցությանը:

Share