Բաժին. Տնտեսական

ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂՆԵՐԻ ԶԳԱԼԻ ՄԱՍԸ ԿԱՆԱՅՔ ԵՆ

Սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ Հայաստանում աշխատանք է փնտրել 74.8 հազար մարդ, որոնցից 63.2 հազարը տվյալ պահին հաշվառված է եղել որպես գործազուրկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 11.3%-ով, իսկ գործազուրկների թիվը՝ շուրջ 10.6%-ով: Այս մասին հաղորդում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Ըստ ներկայացված պաշտոնական վիճակագրության` մեր երկրում աշխատանք փնտրողների և գործազուրկների զգալի մասը կանայք են: Այսպես, հաշվետու ամսվա վերջի դրությամբ հանրապետությունում աշխատանք է փնտրել 52.2 հազար կին, որոնցից 45.7 հազարը պաշտոնապես գրանցված է եղել որպես գործազուրկ:

Միևնույն ժամանակ, գործազուրկների ընդհանուր թվաքանակում 25-30 տարիքային խումբը նեևկայացնող երիտասարդ գործազուրկների թիվը կազմել է 8.6 հազար, 16-24 տարիքային խմբի երիտասարդ գործազուրկների թիվը` 5.8 հազար:

Հատկանշական է, որ 63.2 հազար գործազուրկների 10%-ն ունեցել է թերի բարձրագույն կրթություն, ևս 10%-ը՝ միջին մասնագիտական: 

Նշենք նաև, որ հաշվետու ամսվա վերջի դրությամբ միայն մայրաքաղաքում պաշտոնապես գրանցված է եղել 20.6 հազար գործազուրկ:

Share