Բաժին. Տնտեսական

KODAK-Ը ՍՆԱՆԿ ՉԻ ՃԱՆԱՉՎԻ

Լուսանկարչական սարքերի արտադրությամբ երբեմնի համաշխարհային առաջատար ամերիկյան Eastman Kodak ընկերությունն իր մի քանի վարկատուների հետ համաձայնության է եկել և մոտ ապագայում կստանա լրացուցիչ ֆինանսավորում: Սա թույլ կտա ընկերությանն արդեն հաջորդ տարվա երկրորդ կեսին դուրս գալ սնանկ ճանաչվելու գործընթացից:

Ինչպես նշվում է ընկերության տարածած պաշտոնական հայտարարության մեջ՝  վարկատուները պատրաստակամություն են հայտնել տրամադրել, ընդհանուր առմամբ, 793 մլն ԱՄՆ դոլար: Նշենք, որ Kodak-ի հիմնական վարկատուների շարքում են JPMorgan Chase & Co. և UBS բանկերը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարին Kodak-ը, չկարողանալով մարել իր կուտակած պարտավորությունները վարկատուների նկատմամբ, իրեն սնանկ ճանաչելու հայց էր ներկայացրել Նյու-Յորքի դատարան: Միևնույն ժամանակ, ընկերությունը ներկայացրել էր նաև բիզնեսի վերակազմավորման իր ծրագիրը, որն, ըստ ընկերության ներկայացուցիչների, հնարավորություն կտա անցնել առավել արդյունվետ գործունեության:

Eastman Kodak ընկերությունը հիմադրվել է 1892 թվականին: Վերջին մի քանի տարիների ընթացքում ընկերությունն աշխատել է վնասով:

2011 թվականին Kodak ընկերության շուկայական արժեքը նվազել է շուրջ 88%-ով:

Share