Բաժին. Տնտեսական

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Հայ-ֆրանսիական ներուժը լիարժեքորեն և արդյունավետ օգտագործելու դեպքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները հնարավոր է զգալիորեն մեծացնել, անգամ՝ բազմապատկել: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Ֆրանսիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ:  

Ֆրանսիայի խոշորագույն արդյունաբերական շրջաններից մեկի՝ Ռոն-Ալպի առևտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցած հանդիպմանը Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով՝ խոսելով Ֆրանսիայի և, մասնավորապես, Լիոնի գործարարներին հետաքրքրող վերջին նախաձեռնությունների ու զարգացումների, իրականացվող բարեփոխումների, հայ-ֆրանսիական տնտեսական կապերի, առևտրատնտեսական պատմական հարաբերությունների ու այդ հարաբերությունների խորացման հեռանկարի մասին:  

Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ անցյալ տարվանից Հայաստանում գործում է «Հայ-ֆրանսիական գործարար ակումբը», որը տրամադրում է մասնագիտական, տեղեկատվական աջակցություն, կազմակերպում պարբերական թեմատիկ հանդիպումներ և կոչված է նպաստելու Հայաստանում ֆրանսիական գործարար համայնքի ամրապնդմանն ու ֆրանսիական նոր ընկերությունների ներգրավմանը հայաստանյան շուկա: Նախագահն ընդգծել է, որ ֆրանսիական կողմի առաջարկությամբ առաջիկայում «Հայ-ֆրանսիական գործարար ակումբը»-ը կարող է դառնալ առևտրաարդյունաբերական պալատ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև Հայաստանի առաջընթացի օժանդակմանն ուղղված Զարգացման ֆրանսիական գործակալության` առաջիկայում մեկնարկելիք ծրագրերը:

«Այս գործակալության աշխատանքի հետ մենք մեծ հույսեր ենք կապում, քանի որ գիտենք նրա հնարավորությունները, քանի որ գիտենք Ֆրանսիայի ղեկավարության ցանկությունները, և քանի որ ինքներս պատրաստակամ ենք անել ամեն հնարավորը, որպեսզի գործակալության գործունեությունը Հայաստանում լինի հաջողված»- ասել է Նախագահը: 

Հանրապետության ղեկավարը հանդիպման մասնակից գործարարներին մաղթել է հաջողություններ հետագա ձեռնարկումներում ու համատեղ ծրագրերում՝ ի շահ հայ-ֆրանսիական հարաբերությունների և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման:

Share