Բաժին. Տնտեսական

ANDROID-Ն ԱՐԱԳ ՏԵՄՊԵՐՈՎ ԳՐԱՎՈՒՄ Է ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ

Android-ը շարունակում է գրավել սմարթֆոնների համաշխարհային շուկան: 2012 թվականի երրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում վաճառված սմարթֆոնների 72,4%-ը ներկայացրել է հենց այս օպերացիոն համակարգը: Այս մասին հաղորդում է Gartner ընկերությունը: Նշենք, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Android-ի մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում կազմել էր 64%:

Ըստ ներկայացված տվյալների՝ բջջային օպերացիոն համակարգերի համաշխարհային շուկայում երկրորդը iOS-ն է, որի մասնաբաժինը շուկայում կազմել է 14%: Նշենք, որ iOS օպերացիոն համակարգով աշխատում են iPhone-ները:

Ամենատարածված բջջային օպերացիոն համակարգերի շարքում են նաև BlackBerry OS-ն, Bada-ն, որը ներկայացված է Samsung ընկերության ոչ շատ թանկ սմարթֆոններում և Windows Phone-ը, որի մասնաբաժինը հաշվետու ամիսներին փոքր-ինչ նվազել է:

Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին ամբողջ աշխարհում վաճառվել է 428 մլն բջջային հեռախոս, ընդ որում՝ սմարթֆոն է եղել դրանց 40%-ը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ սմարթֆոնների վաճառքի ծավալներն աճել են շուրջ 2 անգամ, իսկ «սովորական» բջջային հեռախոսներինը՝ նվազել 3%-ով:

Share