Բաժին. Տնտեսական

FORBES. ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՐԿՐՆԵՐԸ

Forbes-ը հրապարակել է բիզնեսի կազմակերպման համար առավել բարենպաստ պայմաններ ունեցող երկրների վարկանիշը: Այս տարի այն գլխավորում է Նոր Զելանդիան, որն անցյալ տարի զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը:

Վարկանիշի կազմման համար Forbes-ը դիտարկել է 11 հիմնական ցուցանիշ: Ուսումնասիրվել է, մասնավորապես, աշխարհի տարբեր երկրների շուկաների բացության և վերահսկողության աստիճանը, հարկային բեռը, կոռուպցիայի մակարդակը, ներդրողների պաշտպանվածությունը, նորամուծական գործունեության զարգացվածությունը և այլն: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Նոր Զելանդիան լավագույն արդյունք է ապահովել 11 ցուցանիշներից 4-ի մասով: Մասնավորապես, երկրում առավել բարձր է ներդրողների պաշտպանվածությունը, և գրեթե բացակայում են կոռուպցիոն ռիսկերը:

Գործարար բարենպաստ միջավայր ունեցող աշխարհի լավագույն երկրների առաջին տասնյակում են հայտնվել նաև Դանիան, Հոնկոնգը, Սինգապուրը, Կանադան, որն անցյալ տարի գլխավորում էր վարկանիշը, ինչպես նաև Իռլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Մեծ Բրիտանիան:

ԱՄՆն այս տարի հայտնվել է վարկանիշի 12-րդ հորիզոնականում՝ անմիջապես Ավստրալիայից հետո:

Եվրոպայի խոշորագույն ֆինանսական կենտրոնները՝ Շվեյցարիան և Լյուսքսեմբուրգը, զբաղեցնում են վարկանիշի համապատասխանաբար 15-րդ և 18-րդ հորիզոկանները: Ֆրանսիան և Գերմանիան, Եվրոպայի խոշորագույն տնտեսությամբ երկրները, հայտնվել են համապատասխանաբար 20-րդ և 21-րդ հորիզոնականներում:

Նշենք նաև, որ Forbes-ի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 77րդ հորիզոնականը, Վրաստանը` 50-րդ, Ադրբեջանը` 73-րդ, Ռուսաստանը` 105-րդ:

Share