Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-Ի ՓՈՍՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՎՆԱՍՈՎ

2012 ֆինանսական տարում, որն ավարտվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին, ամերիկյան USPS (United States Postal Service) փոստային ծառայությունը կրել է ռեկորդային 15,9 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս և որոշ վճարումների մասով հայտարարել պարտադրված դեֆոլտ:

Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ՝ վնասների մեծ մասը՝ ավելի քան 11 մլրդ ԱՄՆ դոլար, ձևավորվել է այն վճարումներից, որն ընկերությունն ուղղում է փոստային ծառայության՝ կենսաթոշակային տարիքին մոտեցող աշխատակիցների համար նախատեսված հիմնադրամ: Ըստ օրենքի՝ USPS-ն տարեկան այս հիմնադրամին է փոխանցում 5.5 մլրդ ԱՄՆ դոլար: Վերջին երկու տարիների համար վճարումներն ընկերությունն իրականացրել է 2012 ֆինանսական տարում, ինչի արդյունքում էլ փոստային ծառայությունը տարին ամփոփել է զգալի վնասով: Հատկանշական է, որ USPS-ն միակ պետական կառույցն է, որ իրականացնում է նման վճարումներ:

Նշենք նաև, որ այժմ քայլեր են իրականացվում ԱՄՆ փոստային ծառայության աշխատանքների վերակազմավորման ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է ընդլայնել այս կառույցի գործունեության շրջանակները` իրավունք տալով իրականացնել նաև գարեջրի, գինու և ոգելից այլ խմիչքների փոստային մատակարարում:

2011 ֆինանսական տարվա արդյունքներով ամերիկյան փոստային ծառայությունը կրել էր 5.1 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս:

Share