Բաժին. Տնտեսական

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՌՈՐԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿԵՂԾԵԼ ՀԱՅՏՆԻ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ

Չինաստանը համառորեն շարունակում է կեղծել տարբեր հայտնի ապրանքային նշաններ՝ պահպանելով այս ոլորտում բացարձակ առաջատարի իր դիրքը: «Չինական արտադրության» Hermes, Louis Viutton և Coach ապրանքային նշանների կեղծ պայուսակներ կարելի է գտնել գրեթե յուրաքանչյուր երկրում: 

2011 թվականին միջազգային շուկայում հայտնաբերված կեղծ ապրանքների 46%-ը եղել է չինական արտադրության: Ընդհանուր առմամբ, նախորդ մեկ տարվա ընթացքում Չինաստանն արտադրել է 66.5 մլն միավոր կեղծ արտադրանք:  Նշենք, որ 2010 թվականին Չինաստանում արտադրվել էր 163 մլն միավոր կեղծ արտադրանք, որը կազմել էր կեղծ արտադրանքի համաշխարհային շուկայի 77%-ը:

Կեղծ ապրանքների արտադրությամբ Չինաստանին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները և Բուլղարիան: Այս երկրներին բաժին է ընկում կեղծված ապրանքների համաշխարհային շուկայի համապատասխանաբար 15,6%-ը և 14,1%-ը: 

Վերլուծաբանների գնահատմամբ՝ կեղծ արտադրանքի համաշխարհային շուկայի ընդհանուր ծավալը ներկայումս կազմում է շուրջ 860 մլրդ ԱՄՆ դոլար: Երեք տարի անց այս ցուցանիշը կարող է հասնել 1.5 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Վերլուծաբանները վստահ են, որ «կեղծ» արտադրության դեմ պայքարի համար անհրաժեշտ է ոչ միայն տուգանք սահմանել կեղծ արտադրանք արտադրողների և վաճառողների, այլև դրանց գնորդների համար: Նման մոտեցում արդեն գործում է Իտալիայում, որտեղ «կեղծ լյուքսի» սիրահարների համար սահմանված է 200 եվրոյի տուգանք:

Նշենք նաև, որ կեղծ արտադրանքի իրացման ամենախոշոր շուկաներն են Իտալիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը:

Share