Բաժին. Տնտեսական

ՄԵՐ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԱՄԵՆ 3-ՐԴՆ ԱՂՔԱՏ Է

2011 թվականի արդյունքներով մեր երկրի բնակչության ավելի քան ամեն երրորդը` 35.0%-ը, եղել է աղքատ, նրանցից ամեն հինգերորդը`19.9%-ը՝ շատ աղքատ, իսկ նրանց թվում 3.7%-ը`ծայրահեղ աղքատ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ վերջին երեք տարիների ընթացքում մոտ 250 հազար մարդ դարձել է աղքատ, աղքատների թվաքանակը 2011 թվականին կազմել է մոտ 1.1 մլն: Միևնույն ժամանակ, մոտ 240 հազարը նույն ժամանակահատվածում դարձել են շատ աղքատ, որոնց թվաքանակը կազմել է 650 հազար: Միայն երեք տարիների ընթացքում մոտ 70 հազարը դարձել է ծայրահեղ աղքատ, որոնց թվաքանակը 2011 թվականին կազմել է մոտ 120 հազար:

Արդյունքում, 2011 թվականին, 2008 թվականի նկատմամբ, առավել արագ ավելացել է ծայրահեղ աղքատության մակարդակը` 2.3 անգամ, շատ աղքատներինը` 1.6 անգամ, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը` 26.8%-ով:

Հաշվետու տարվա արդյունքներով աղքատությունը շատ չի տարբերվել ըստ քաղաքային (35.2%) և գյուղական բնակավայրերի (34.5%):

Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից (36158 դրամ կամ 97.1 ԱՄՆ դոլար): Շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից (29856 դրամ  կամ 80.2 ԱՄՆ դոլար), իսկ ծայրահեղ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից (21306 դրամ կամ 57.2 ԱՄՆ դոլար):

Share