Բաժին. Տնտեսական

ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7 ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանում մեկնարկել է «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագիրը, որի նպատակն է ներդնել էլեկտրոնային գործիքների իրականացման ծրագրեր, օժանադակել քաղաքացիական կացության ռեգիստրի թվայնացմանը և քաղաքացիներին տրամադրել կառավարության հետ հաղորդակցվելու նոր ուղիներ:

Ծրագրի շնորհանդեսի ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության կողմից մինչև 2014 թվականը ներդրվելու են էլեկտրոնային կառավարման 7 նոր համակարգեր՝ արխիվների թվայնացում, էլեկտրոնային փոստ՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգ (ՔԿԱԳ), էլեկտրոնային վիճակագրական հաշվետվություններ, էլեկտրոնային առողջապահական համակարգ, շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգ և էլեկտրոնային հյուպատոսություն: 

«Այս կարևորագույն ծրագիրն ուղղված է պետական կառավարման ոլորտում բարեփոխումների իրականացմանը և արդյունավետության բարձրացմանը: Օրինակ, ՔԿԱԳ մարմնում գրանցումից մինչև բնակչության պետական ռեգիստր կատարվող գործողությունները տևելու են վայրկյաններ՝ այսօր առկա փաստաթղթաշրջանառության խնդիրների վերացման արդյունքում: Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների անձնագրի ժամկետի երկարաձգումը և փաստաթղթաշրջանառությունը հյուպատոսական հիմնարկներում կտևեն մինչև 15 րոպե՝ ներկայիս օրերի և շաբաթների փոխարեն»,- ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Share