Բաժին. Տնտեսական

21 ՕՐԻՆԱԽԱԽՏ ՏՆՏԵՍՎԱՐՈՂԻ ՀԱՆԴԵՊ ԿԿԻՐԱՌՎԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՊԱՏԺԱՉԱՓ

Կայացել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստ, որի ժամանակ հրապարակվել են Հանձնաժողովի կողմից կատարված հերթական ուսումնասիրության արդյունքները: Երշիկեղենի շուկայում մի քանի ամիս տևած ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են անբարեխիղճ գործունեություն իրականացնող օրինախախտ արտադրողներըԴրանք են. «Մուշ», «Ա. Բիլյան», «Առ Դելիկատես», «Նատֆուդ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ»,«Մարիլա», «Բաբիկ 90», «Էրեբունի աստղ», «Հայր և որդի Գալստյաններ», «Երեմկա», «Էլիտ Պրոդ», «Ա. Շիրվանյան և ընկերներ», «Արտյոմ և Հրայր եղբայրներ», «Լումա», «Կարինե և Նարինե», «Նեպտուն Մար», «Սոս 97», «Տիրան Ղազարյան», «Գայան Ջամե», «Բարի արագիլ», «Արթուր Հակոբյան» ԱՁ:      

Հանձնաժողովի տվյալներով՝ երշիկեղենի շուկայում գործող արտադրողների փաստաթղթային ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խախտումներ: Մասնավորապես, երշիկի պատրաստման ընթացքում օգտագործվող իրական բաղադրիչները փաթեթավորման վրա նշված չեն: Ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի և խոզի բարձրորակ միս: Մինչդեռ, Հանձնաժողովը բացահայտել է, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու և այլ նկատառումներով օգտագործվում են մեծաքանակ հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ: Ընդ որում, նման դեպքեր բացահայտվել են նաև երեխաների համար նախատեսված՝ մանկական անվանումով երշիկների պարագայում: Նշենք նաև, որ երշիկի մեջ սոյան օգտագործվում է հիմնականում արտադրանքին լրացուցիչ զանգված ապահովելու նպատակով, ինչի հետևանով էլ օգտագործված մսի քանակը երբեմն հասնում է նվազագույնի:

Համաձայն Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքի՝ տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Մոլորեցում է համարվում նաև  որակի, քանակի, բաղադրության կամ այլ բնութագրերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը, ինչն այս դեպքում առկա է:

Բացի այդ, երշիկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթերի համաձայն, արտադրության մեջ օգտագործվող մսի 1 կիլոգրամի գինը կազմում է 700-800 դրամ: Քանի որ Հանձնաժողովը գնագոյացման ուսումնասիրություն է իրականացրել մսի շուկայում և հետևաբար տիրապետում է այս շուկայում գների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության, ապա վերոնշյալ փաստերը Հանձնաժողովին թույլ են տալիս ենթադրելու, որ երշիկի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է գոմեշի ներկրված միս, որի 1 կիլոգրամը ներքին շուկայում իրացվում է հենց այդ գնով: Մինչդեռ երշիկների բաղադրության մեջ հիմնականում նշվում է տեղական խոզի կամ տավարի միս այն դեպքում, երբ տեղական մսի միջին շուկայական գինը վերոնշյալ գնից եռակի թանկ է

ՏՄՊՊՀ կողմից կատարված լայնածավալ ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել նաև մի շարք օրենսդրական բացեր, ինչի հետ կապված Հանձնաժողովը կմշակի և ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը կներկայացնի համապատասխան առաջարկությունների փաթեթը: Մասնավորապես, որոշ դեպքերում երշիկի մեջ մսի պարունակությունը չի գերազանցում 16 տոկոսը, սակայն մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ, թե կոնկրետ որքան պետք է լինի այն, կամ կոնկրետ ինչ բաղադրիչներ են անթույլատրելի:

Նշենք, որ տուգանքների չափերը հաշվարկելիս Հանձնաժողովը հաշվի է առել ինչպես տնտեսվարողների ապրանքաշրջանառության ծավալներն ու շուկային հասցված վնասի չափը, այնպես էլ նախկինում դրսևորած վարքագիծը: Եւ քանի որ բացահայտված խնդիրները առնչվում են սպառողների շահերին և հետևապես մեծ կարևորություն են ներկայացնում, ապա Հանձնաժողովի որոշմամբ՝ օրինախախտների հանդեպ նշանակվել է օրենքով  սահմանված առավելագույն պատժաչափ՝ տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:  

Share