Եվրահանձնաժողովը չի կարող կատարել լեհ ֆերմերների պահանջը՝ արգելելու Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը, քանի որ Լեհաստանի իշխանությունները նախկինում միակողմանիորեն արգելել էին ուկրաինական հացահատիկի ներմուծումը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։
«Եթե նայենք ուկրաինական հացահատիկի շուրջ ստեղծված իրավիճակին, շատ հարցեր են առաջանում, քանի որ Լեհաստանն արդեն միակողմանիորեն արգելել է ուկրաինական հացահատիկի ներմուծումը», – ասել է Դոմբրովսկիսը՝ հիմնավորելով, որ իրենք չեն կարող արգելել այն, ինչը Լեհաստանում արդեն արգելված է:
Դոմբրովսկիսը կասկածի տակ է դրել Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի իշխանությունների կողմից ուկրաինական հացահատիկի ներմուծման արգելքի օրինականությունը և հայտարարել այդ երկրների դեմ միջոցներ ձեռնարկելու իր պատրաստակամության մասին։
«Մենք նախազգուշական նամակներ ենք ուղարկել Հունգարիային, Լեհաստանին և Սլովակիային: Եթե իրավիճակը չբարելավվի, ապա մենք պատրաստ ենք ավելի հեռուն գնալ և սկսել այդ երկրների կողմից ԵՄ նորմերը խախտելու դեմ ընթացակարգ»։
Հիշեցնենք՝ 2023 թվականի նոյեմբերից լեհ փոխադրողներն ու ֆերմերները պարբերաբար ցույցեր են անցկացնում՝ արգելափակելով անցակետերը Ուկրաինայի հետ սահմանին։ Փետրվարի 9-ից մարտի 10-ը ողջ երկրով մեկ բողոքի ակցիա է հայտարարվել ուկրաինական գյուղմթերքի ներկրման դեմ։ Ֆերմերները պահանջում են սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել Ուկրաինայից էժան գյուղմթերքի ներկրումը։ Բողոքի ակցիային աջակցել է Լեհաստանի գյուղատնտեսության նախարարությունը։