Բաժին. Տնտեսական

ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում` Սիլիկոնյան հովտի Փլագ էնդ Փլեյ տեխնոլոգիական կենտրոնում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության ներկայությամբ, պաշտոնապես բացվել է Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներկայացուցչական գրասենյակը:

Այնուհետև, Փլագ էնդ Փլեյ կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին փոխըմբռման հուշագրի ստորագրման արարողությունը: Վենչուրային հիմնադրամը ՏՏ ոլորտում նորաստեղծ կազմակերպություններին հնարավորություն կընձեռի ապահովել ֆինանսական ներդրումների հասանելիություն:

Փաստաթղթերի ստորագրումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին և անդրադառնալով «ԱրմԹեք-2012»-ի շրջանակներում Սիլիկոնյան հովտում ՀՀ ներկայացուցչության բացմանն ու հնարավոր ակնկալիքներին՝ ՀՀ կառավարության ղեկավարն ասել է Հայաստանի համար դա առավել կարևոր է, քանի որ առանց Սիլիկոնյան հովտի հետ ամենօրյա կապի, հնարավոր չէ հետևել ժամանակակից զարգացումներին: Տիգրան Սարգսյանը կարևորել է նաև պետություն-մասնավոր համագործակցության ներքո՝ 50-50 հարաբերակցությամբ Վենչուրային հիմնադրամի ստեղծումը, որը ևս կնպաստի ՏՏ բնագավառի զարգացմանը: «Ստորագրվել է նաև Հայաստանում չիպերի արտադրության նոր գործարանի կառուցման հուշագիր: Սա նույնպես ՏՏ ոլորտի զարգացման գործում կարևորագույն քայլ է: Մենք ունենալու ենք ոչ միայն ծրագրավորող ընկերություններ, այլև չիպերի արտադրություն»,- նշել է ՀՀ վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարն այնուհետև ընդգծել է աշխարհահռչակ «Ինթել» ընկերության հետ հուշագրի ստորագրումը, ինչի արդյունքում ընկերությունը ներկայացված կլինի Հայաստանում՝ մեր երկրում բացելով իր կենտրոնը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանում իրենց կենտրոններն ունեն նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Մայքրոսոֆթ»-ը և «Դե-լինք»-ը: Վարչապետի կարծիքով՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և ստորագրված փաստաթղթերը նոր թափ են հաղորդելու Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը:

«Չափազանց կարևոր է, որ Սիլիկոնյան հովտում ունենք մեր տեղը և Սիլիկոնյան հովիտն էլ գիտի, որ քարտեզի վրա ՏՏ բնագավառում Հայաստանն իր բարձրակարգ մասնագետներով ունի իր ուրույն տեղը: Ընդհանրապես, մենք փորձելու ենք մի քանի ոլորտներում համաշխարհային քարտեզի վրա դրսևորել հարաբերական առավելություն և ունենալ բարձր գրավչություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Անդրադառնալով Հայաստանում ՏՏ բնագավառում նոր աշխատատեղերի ստեղծման մասին հարցին՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ներկայում ոլորտը կառավարությունից տարեկան պահանջում է առնվազն հազար բարձրակարգ շրջանավարտ: Վարչապետն ընդգծել է, որ այս բնագավառում ստեղծվող աշխատատեղերն ապահովում են բարձր վարձատրություն և ունեն մեծ արտադրողականություն:

Share