Բաժին. Տնտեսական

ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԱՄՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 172 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա արդյունքներով ԱՄՆ դաշնային բյուջեի պակասուրդը կազմել է 172  մլրդ ԱՄՆ դոլար՝ շուրջ 35 մլրդ ԱՄՆ դոլարով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը:

Հատկանշական է, որ ցուցանիշը զգալի գերազանցել է նաև վերլուծաբանների կանխատեսումները, որոնք առավել լավատեսական էին:

Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ հաշվետու ամսում ԱՄՆ բյուջեի ծախսերը կազմել են 334 մլրդ ԱՄՆ դոլար, եկամուտները՝ 162 մլրդ ԱՄՆ դոլար:  2011 թվականի նոյեմբեր ամվա համեմատությամբ ԱՄՆ բյուջեի ծախսերն աճել են 44 մլրդ ԱՄՆ դոլարով, եկամուտները՝ 10 մլրդ ԱՄՆ դոլարով:

Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ եթե մինչև տարեվերջ ԱՄՆ բյուջեի ծախսերի և եկամուտների միջև առկա տարբերության մակարդակը պահպանվի, ապա չի բացառվում, որ երկրի պետական պարտքը հասնի և անգամ գերազանցի պետական պարտքի մասով սահմանված վերին սահմանը, որը ներկայումս կազմում է 16.4 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցի շուրջ ամերիկյան Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների միջև տարաձայնությունները շարունակվում են արդեն երկար ժամանակ:

Անցյալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը դեմ էր արտահայտվել երկրի ղեկավարին լրացուցիչ լիազորությունների տրամադրման առաջարկությանը, ինչը նախագահին թույլ կտար միայնակ կառավարել երկրի պետական պարտքի վերին սահմանը: Նման առաջարկությամբ հանդես էր եկել Դեմոկրատական կուսակցությունը:

Եթե մինչև տարեվերջ պետական պարտքի վերին սահմանը չբարձրացվի, ապա ԱՄՆ տնտեսության կսպառնա ֆիսկալ խզում: Ըստ փորձագետների կանխատեսումների՝ հավանական ֆիսկալ խզման պարագայում 2013 թվականի առաջին կիսամյակն ամերիկյան տնտեսության համար կլինի շատ ծանր:

Ֆիսկալ խզումն այն իրավիճակն է, երբ մի շարք հարկային արտոնությունների դադարեցումը և հարկային դրույքաչափերի բարձրացումը զուգորդվում է պետական ծախսերի նվազեցմամբ:

Share