Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ 7.1% ԱՃ

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, մեր երկրում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 7.1% աճ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության աճը պայմանավորվել է առավելապես ծառայությունների ոլորտի, արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի թողարկման ծավալների աճերով:

Այսպես, ընթացիկ տարվա առաջին 11 ամիսներին ծառայությունների ծավալն աճել է 11%-ով և կազմել 870,0 մլրդ ՀՀ դրամ, արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1002,4 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 9.1%-ով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 8.3%-ով և կազմել 787,8 մլրդ ՀՀ դրամ:

Հունվար-նոյեմբերին մեր երկրում առևտրի շրջանառությունը կազմել է 1846,4 մլրդ ՀՀ դրամ՝ տարեկան կտրվածքով աճելով 3.4%-ով:

Միևնույն ժամանակ, շինարարության ոլորտը շարունակում է մնալ ճգնաժամի մեջ. հաշվետու ժամանակահատվածում ոլորտի համախառն ծավալը նվազել է շուրջ 1%-ով և կազմել 380,1 մլրդ ՀՀ դրամ:

Հունվար-նոյեմբերին ՀՀ-ում գնաճը կազմել է 2.5%, իսկ արդյունաբերական  արտադրանքի  գների  ինդեքսը կազմել է 106.8%:

Նշենք նաև, որ նոյեմբերին, տարեկան կտրվածքով, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 105.5%, իսկ ամսական կտրվածքով, սեզոնային գործոններով պայմանավորված, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով:

Share