Բաժին. Տնտեսական

FITCH. ԱՄՆ-Ն ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԻՐ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԻՑ

Միջազգային Fitch Ratings վարկանիշային գործակալությունը սպառնում է կրճատել ԱՄՆ վարկային վարկանիշը, եթե երկրին չհաջողվի 2013 թվականին խուսափել «ֆիսկալ խզումից»: Գործակալության փորձագետները նշում են, որ «ֆիսկալ խզման» պարագայում ԱՄՆ տնտեսությունը կարող է հայտնվել նոր ճգնաժամի շեմին՝ առաջ բերելով համաշխարհային ֆինանսական շուկաների նոր տատանումներ:  

Այժմ ԱՄՆ վարկանիշը գտնվում  է AAA մակարդակում: Վարկանիշի մասով կանխատեսումը բացասական է:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա արդյունքներով ԱՄՆ դաշնային բյուջեի պակասուրդը կազմել էր 172  մլրդ ԱՄՆ դոլար՝ շուրջ 35 մլրդ ԱՄՆ դոլարով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքը:

Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ եթե մինչև տարեվերջ ԱՄՆ բյուջեի ծախսերի և եկամուտների միջև առկա տարբերության մակարդակը պահպանվի, ապա չի բացառվում, որ երկրի պետական պարտքը հասնի և անգամ գերազանցի պետական պարտքի մասով սահմանված վերին սահմանը, որը ներկայումս կազմում է 16.4 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցի շուրջ ամերիկյան Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների միջև տարաձայնությունները շարունակվում են արդեն երկար ժամանակ: Եթե մինչև տարեվերջ պետական պարտքի վերին սահմանը չբարձրացվի, ապա ԱՄՆ տնտեսության կսպառնա «ֆիսկալ խզում»: Ըստ փորձագետների կանխատեսումների՝ հավանական «ֆիսկալ խզման» պարագայում 2013 թվականի առաջին կիսամյակն ամերիկյան տնտեսության համար կլինի շատ ծանր:

«Ֆիսկալ խզումն» այն իրավիճակն է, երբ մի շարք հարկային արտոնությունների դադարեցումը և հարկային դրույքաչափերի բարձրացումը զուգորդվում է պետական ծախսերի նվազեցմամբ:

Share