Բաժին. Տնտեսական

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ 38-ՐԴՆ Է

Արդեն 19-րդ տարին անընդմեջ Հոնկոնգը գլխավորում է առավել ազատ տնտեսություն ունեցող երկրների վարկանիշը, որը կազմել են ամերիկյան Wall Street Journal-ի փորձագետները՝ Heritage Foundation հիմնադրամի հետ համատեղ:

Ըստ հրապարակված տվյալների՝ աշխարհի տարբեր երկրների համար տնտեսության ազատության ինդեքսի հաշվարկման արդյունքում Հոնկոնգը հնարավոր 100 միավորից հավաքել է 89,3 միավոր: 

Նշենք, որ տնտեսության ազատության ինդեքսի հաշվարկման ժամանակ դիտարկվում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են շուկայի բացությունը, վերահսկողության արդյունավետության մակարդակը, օրենքի գերակայությունը, տնտեսական հարցերում պետության միջամտության աստիճանը և այլն:

Ինչպես նշվում է Heritage Foundation հիմնադրամի պաշտոնական հայտարարության մեջ՝ Հոնկոնգն առանձնանում է իր բարձր մրցունակությամբ, միջազգային առևտրում ունեցած իր խորը ներգրավվածությամբ, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող աշխատուժով, որը տնտեսությունը ամրապնդող հիմնական գործոններից մեկն է:

Տնտեսության ազատության ցուցանիշով առաջատար երկրների վարկանիշի առաջին 5-յակում են հայտնվել նաև Սինգապուրը (88 միավոր), Ավստրալիան (82,6 միավոր), Նոր Զելանդիան (81,4 միավոր) և Շվեյցարիան (81 միավոր): ԱՄՆ-ն տնտեսության ազատության ցուցանիշով 10-րդն է, եվրոպական խոշորագույն տնտեսությամբ երկիրը՝ Գերմանիան՝ 19-րդը, Չինաստանը՝ 136-րդը, Ռուսաստանը՝ 139-րդը:

Վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 38-րդ տեղը (69,4 միավոր): Մեր երկիրն ԱՊՀ երկրների շարքում գրավում է առաջին տեղը:

Նշենք նաև, որ Վրաստանը վարկանիշում 21-րդն է, Ադրբեջանը`88-րդը:

Share