Բաժին. Տնտեսական

ԵՐՐՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է 430 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

Այսօրվա նիստում կառավարությունը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն՝ ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների: Որոշումն ընդունելիս հաշվի են առնվել ՀՀ 2013 թվականի պետբյուջեի նախագծով ընտանեկան նպաստի և միանվագ օգնության համար հատկացված միջոցները։

Այսպես, ընտանիքի անապահովության սահմանային միավոր է սահմանվել 30.00-ն, ընտանեկան նպաստի բազային մասը` 16 հազար դրամ։ Հաստատվել են 30.01-35.00, 35.01-39.00, 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներին տրվող հավելումները։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափ է սահմանվել 50 հազար դրամը, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամը: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը սահմանվել է18 հազար դրամ։

Զոհված Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափ է սահմանվել 250 հազար դրամը, զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազար դրամը, զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազար դրամ։

Սույն որոշման գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Share