Բաժին. Տնտեսական

ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է 1 ՏՐԼՆ ԴՈԼԱՐԱՆՈՑ ՄԵՏԱՂԱԴՐԱՄ ՀԱՏԵԼՈՒ ՄՏՔԻՑ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է մեկ տրիլիոն ԱՄՆ դոլար անվանական արժեքով պլատինե մետաղադրամ հատելու հնարավորությունից, որը թույլ կտար լուծել պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հետ կապված խնդիրը:

Նշենք, որ ամերիկյան օրենքի համաձայն՝ Սպիտակ տունն իրավունք չունի «միացնել փող տպելու սարքն»՝ առանց Կոնգրեսի համաձայնության, ինչը, սակայն, չի վերաբերում մետաղադրամների թողարկմանը:

Հատկանշական է, որ սպառնացող դեֆոլտի խնդրի լուծման համար Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի մի քանի այլ միջոցներ ևս, որոնք նույնպես կարող է կիրառել՝ «հաշվի չառնելով» կոնգրեսականների կարծիքը: Խոսքը գնում է, մասնավորապես, լրացուցիչ պարտատոսմերի թողարկման մասին, որից ևս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առայժմ հրաժարվում է:

Հիշեցնենք, որ եթե Սպիտակ տունը և ԱՄՆ Կոնգրեսը վերջնական համաձայնության չգան պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցի շուրջ, ապա արդեն մեկ ամսից ԱՄՆ-ի համար դեֆոլտն անխուսափելի կլինի: Սպասվում է, որ մինչ այդ ԱՄՆ պետական պարտքը կգերազանցի սահմանային 16.4 տրիլիոն ԱՄՆ դոլարը:

Share