Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ Է ԽՆԴՐԵԼ 565 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻ

2012 թվականի ընթացքում Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանն է դիմել 565 օտարերկրյա քաղաքացի, որոնցից 494-ը` Սիրիայի, իսկ մյուսները հիմնականում Իրաքի, Իրանի, Կոտ դ`Իվուարի, Գվինեայի, Թուրքիայի քաղաքացիներ են: Միգրացիոն պետական ծառայության փոխանցմամբ՝ նրանցից ՀՀ-ում փախստական են ճանաչվել եւ ապաստան են ստացել 145-ը:

«Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում բնակվելու համար 48 ապաստան հայցողների տրվել է ուղեգիր: Ծառայության տնօրինության տակ եղած ռեզերվների հաշվին Սիրիայից ժամանած 99 անձի տրամադրվել է ժամանակավոր կացարան, 18 սիրիահայեր տեղավորվել են մասնավոր անձանց մոտ:

Տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 214 փախստական: 

Այսպիսով, 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 86 հազ 200:

Նշենք նաև, որ ըստ ներկայացված տվյալների՝ 1988-92թթ.. Ադրբեջանից բռնագաղթած 1172 փախստական ընտանիք, որից 857-ը` Երեւան քաղաքում եւ 315-ը` Հայաստանի տարբեր մարզերում, դեռեւս համարվում են բնակապահովության առաջնահերթ ծրագրի շահառուներ:

2012թ. հոկտեմբերին ընդունվել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի արդյունքում շուրջ 214 ընտանիք հնարավորություն կունենա սեփականաշնորհելու զբաղեցրած բնակարանը:

Share