Բաժին. Տնտեսական

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ

Մեկ շաբաթվա ընթացքում, հունվարի 2-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, ամերիկյան 25 խոշորագույն բանկերի հաճախորդներն իրենց բանկային հաշիվներից հանել են 114,1 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը:

Հատկանշական է, որ բանկերից ավանդների արտահոսքի այս ցուցանիշը ռեկորդային բարձր է՝ 2011 թվականի սեպտեմբեր ամսից ի վեր:

Ինչպես պարզաբանում են վերլուծաբաններն՝ ավանդների արտահոսքը մեծապես պայմանավորված է ավանդների երաշխավորման ծրագրի ավարտով: Այս ծրագիրը մեկնարկել էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի պայմաններում, ավարտվել՝ 2012 թվականի դեկտեմբերի 31-ին:  

Ըստ հրապարակված տվյալների՝ ներկայում ԱՄՆ խոշորագույն ֆինանսական կազմակերպություններում ավանդների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 5,37 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ 2012 թվականի վերջի դրությամբ ԱՄՆ 25 խոշորագույն բանկերում ավանդների համախառն ծավալը կազմել էր շուրջ 5,4 տրիլիոն ԱՄՆ դոլար՝ 500 մլրդ ԱՄՆ դոլարով գերազանցելով 2011 թվականի վերջին գրացված ցուցանիշը:

Այսօր ԱՄՆ-ում ավանդների ծավալով  խոշորագույն բանկը JPMorgan Chase-ն է: 2012 թվականի վերջին այս բանկում ներդրված ավանդների ընդհանուր ծավալը կազմել էր 1,19 տրիլիոն ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում Bank of America-ն է, որտեղ ներդրված է 1,11 տրիլիոն ԱՄՆ դոլարի ավանդ:

Share