Բաժին. Տնտեսական

ԱՆՎՃԱՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ ԵՎՍ 8 ՀԱԶԱՐ ՔԱՂԱՔԱՑԻ

Կառավարությունը որոշել է երկարաձգել ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի համակարգում գրանցվելու պայմանագիր կնքած քաղաքացիների ստորագրության վարձավճարի սուբսիդավորման ժամկետը։  

Այսպես, կսուբսիդավորվի նաև դեկտեմբեր ամսվա ընթացքում դիմած ութ հազար քաղաքացիների էլեկտրոնային ստորագրության սպասարկման ծախսը: Այս նպատակով հատկացվել է ավելի քան 24 մլն դրամ` նախատեսված ծավալով ապահովելով գործարար համայնքի աջակցության տրամադրումը։ 

Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ՝ իր այս քայլով կառավարությունը խթանում է նշված գործընթացը, քաղաքացիներին խրախուսում, որպեսզի նրանք օգտվեն էլեկտրոնային ստորագրության միջոցով առաջարկվող ծառայությունից։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը որոշել էր հարկ վճարողների կողմից մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ նույնականացման քարտերի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված սպասարկման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցել:

Share