Բաժին. Տնտեսական

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԱՆԿԵՐԻՑ 14-Ն ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ 100 ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

Մեր երկրի խոշոր գործատուների առաջին 100-յակում ընդգրկվել է 14 առևտրային բանկ: Այս մասին վկայում են 100 և ավելի աշխատող ունեցող առևտրային ընկերությունների վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալները: 

Այսպես, հայտարարագրված աշխատողների միջին ցուցակային թվով Հայաստանի խոշորագույն բանկերն են «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը, «Արդշինինվեստբանկ»-ը և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը, որոնք ունեն 1000-ից ավել աշխատող: Հայաստանի խոշոր գործատուների ընդհանուր ցուցակում «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը (1198 աշխատող), «Արդշինինվեստբանկ»-ը՝ 26-րդ (1051 աշխատող), «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը` 29-րդ  (1015 աշխատող): 

Հայաստանի 100 խոշոր գործատուների ցուցակի 32-րդ տեղում հայտնվել է «Հայէկոնոմբանկ»-ը (905 աշխատող), 33-րդ տեղում՝ «Յունիբանկ»-ը (891 աշխատող): «Կոնվերս բանկ»-ը Հայաստանի խոշոր գործատուների ցուցակում 47-րդն է (654 աշխատող), «Հայբիզնեսբանկ»-ը 52-րդն է (600 աշխատող), «Արարատբանկ»-ը` 60-րդը (552 աշխատող):

ՀՀ խոշոր գործատու բանկերի առաջին տասնյակը եզրափակում են «Ինեկոբանկ»-ը (ընդհանուր ցուցակում 61-րդն է և ունի 549 աշխատող) և «Ամերիաբանկ»-ը (ընդհանոր ցուցակում 71-րդ է, աշխատողների թիվը՝ 488 մարդ): 

Խոշոր գործատուների 100-յակում են նաև «Առէքսիմբանկ»-ը (465 աշխատող, 77-րդ տեղ), «Անելիք Բանկ»-ը (407 աշխատող, 90-րդ տեղ), «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան»-ը (392 աշխատող, 97-րդ տեղ) և «Պրոկեդիտ բանկ»-ը  (381 աշխատող, 98-րդ տեղ):

Share