Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 9%-ՈՎ

2012 թվականին մեր երկրի քաղաքացիները ոչ առևտրային նպատակներով արտերկրից ստացել են 1,687 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դրամական միջոցներ: 2011 թվականի համեմատ տրանսֆերտներն աճել են 9%-ով:

Ըստ ձևավորված ավանդույթի՝ տրանսֆերտների մեծ մասը բաժին է ընկել Ռուսաստանին, չնայած այն բանին, որ նախորդ տարվա համեմատ այս երկրից տրանսֆերտների հոսքը նվազել է: 2012 թվականին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել  1,444 մլրդ ԱՄՆ դոլար: Արդյունքում, Ռուսաստանն ապահովել է մեկ տարվա ընթացքում Հայաստան հոսած տրանսֆերտների ընդհանուր ծավալի ավելի քան 85%-ը: 

Ինչպես տեղեկացնոււմ են ՀՀ կենտրոնական բանկից` հաշվետու տարում մեր երկրի քաղաքացիները ոչ առևտրային նպատակներով ԱՄՆ-ից ստացել են 66,5 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, Ղազախստանից ստացվել են 22,5 մլն ԱՄՆ դոլարի, Ուկրաինայից` 19,0 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ:

Նախորդ տարվա համեմատ ԱՄՆ-ից և Ուկրաինայից Հայաստան հոսած դրամական փոխանցումները նվազել են, մինչդեռ Ղազախստանից դեպի Հայաստան իրականացված ոչ առևտրային նպատակներով դրամական փոխանցումներն աճել են:

Նշենք նաև, որ 2012 թվականին ՀՀ բանկային համակարգի միջոցով Ֆրանսիայից Հայաստան ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց փոխանցված դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 12,0 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիայից` 11,8 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 7,5 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝ 6,3 մլն ԱՄՆ դոլար, Չինաստանից՝  2,9 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝ 1,6 մլն ԱՄՆ դոլար:

Share