Բաժին. Տնտեսական

2012Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՎՐՈՊԱ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 8%-ՈՎ

2012 թվականի արդյունքներով Հայաստանի արտահանման համախառն ծավալի շուրջ 39%-ը բաժին է ընկել Եվրամիության անդամ երկրներին: Նախորդ մեկ տարում մեր երկրից Եվրոպա է արտահանվել 560,3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ արտադրանք: 2011 թվականի համեմատ Հայաստանից Եվրոպա արտահանումը կրճատվել է 7,8%-ով:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` արտահանման ոլորտում Հայաստանի հիմնական եվրոպական գործընկեր-երկրներն են Գերմանիան, Բուլղարիան, Բելգիան, Նիդերլանդները և Իսպանիան: 2012 թվականին Գերմանիային բաժին է ընկել ՀՀ արտահանման ծավալների 10,7%-ը, Բուլղարիային` 9,1%-ը, Բելգիային` 8,9%-ը, Նիդերլանդներին` 5,6%-ը, Իսպանիային` 2,1%-ը: 

Մեր երկրի արտահանման կառուցվածքում Եվրամիության անդամ մյուս երկրներից յուրաքանչյուրի մասնաբաժինը չի գերազանցել 1%-ը:

Նշենք նաև, որ հաշվետու տարում Հայաստանից դեպի Եվրամիության երկրներ արտահանման ոլորտում առավել զգալի աճ ապահովել է Շվեդիան: Մեր երկրից Շվեդիա արտահանումն աճել է շուրջ 8.8 անգամ:

Միևնույն ժամանակ, ամենամեծ անկումը գրանցել է Լյուքսեմբուրգը. Հայաստանից Լյուքսեմբուրգ արտահանումը կրճատվել է ավելի քան 95%-ով:

Share