Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇ

Ըստ պաշտոնական նախնական գնահատականների՝ 2013 թվականի հունվարին Հայաստանում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 9.1% աճ, որը հիմնական ապահովել են արդյունաբերության, առևտրի և ծառայությունների ոլորտները:

Ընթացիկ տարվա առաջին ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 18.8%-ով և կազմել 95,4 մլրդ ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, բնակչությանը մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը կազմել է 75,8 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 7.5%-ով, իսկ առևտրի շրջանառությունն, աճելով 5.7%-ով, կազմել է 115,6 մլրդ ՀՀ դրամ:

Հունվարին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 2.1%-ով և կազմել 15,0 մլրդ ՀՀ դրամ, իսկ շինարարության ոլորտում գրանցվել է 17.6% անկում. շինարարության  համախառն ծավալը կազմել է  7,1 մլրդ ՀՀ դրամ:

Հունվարին, 2012 թվականի «տոնական» դեկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 50.6%-ով:

Ամսական կտրվածքով արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 21,1%-ով, առևտրի շրջանառությունն՝ ավելի քան 67%-ով, իսկ ծառայությունների ծավալը՝ 20%-ով:

Նշենք նաև, որ հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ՀՀ-ում գնաճը կազմել է 2.6%, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը կազմել է 112.9%:

Հունվարին, դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 102.9%, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 102.0%:

Share