Բաժին. Տնտեսական

ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ՉԵՆ ԵՆԹԱՐԿՎԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ

2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ, բացառապես էլեկտրոնային եղանակով, հարկային մարմիններ ներկայացնել սահմանված ձևի եկամտային հարկի ամփոփ հաշվարկ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ նոր հաշվետվության տեսակի ավելացմամբ կտրուկ աճել են էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների քանակը, և այդ աճի արդյունքում ի հայտ են եկել ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության, ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներ, որոնք, ՊԵԿ-ի պնդմամբ, առնչություն չունեն հարկային մարմնի տեղեկատվական համակարգի գործունակության հետ:

Հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածը, որով տրվում է վարչական իրավախախտման հասկացությունը, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հունվար ամսվա համար նախատեսված էլեկտրոնային հաշվետվությունները ուշացումով (մինչև մարտի 7-ը ներառյալ) ներկայացրած հարկատուների նկատմամբ չեն կիրառվելու վարչական պատասխանատվության միջոցներ:

Share