Բաժին. Տնտեսական

APPLE ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲՐԵՆԴԸ

Ամերիկյան Apple բրենդը ճանաչվել է աշխարհում ամենաթանկը և գլխավորել Brand Finance (BF) ընկերության կողմից հրապարակված՝ աշխարհի 500 ամենաթանկ համաշխարհային ապրանքային նշանների վարկանիշը:  Apple բրենդի ընդհանուր արժեքը գնահատվել է 87,3 մլրդ ԱՄՆ դոլար:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում հարավկորեական Samsung բրենդն է, որը գնահատվել է 58,77 մլրդ ԱՄՆ դոլար: Հատկանշական է, որ սա միակ «ոչ ամերիկյան» բրենդն է, որն ընդգրկվել է  աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների առաջին տասնյակում: Երրորդ հորիզոնականում Google-ն է, որը գնահատվել է 52,13 մլրդ ԱՄՆ դոլար:

Ըստ Brand Finance-ի վարկանիշի՝ ճապոնական ամենաթանկ բրենդը Toyota-ն է, որի արժեքը գնահատվել է 25,97 մլրդ ԱՄՆ դոլար: Ընդհանուր վարկանիշում Toyota բրենդը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը:

Գերմանական ամենաթանկ բրենդը Volkswagen-ն է, որը ընդհանուր վարկանիշում հայտնվել է 17-րդ հորիզոնականում և գնահատվել է 23,66 մլրդ ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, BMW և Mercedes-Benz ապրանքային նշանները գնահատվել են համապատասխանաբար  23,23 մլրդ ԱՄՆ դոլար և  20,3 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ վարկանիշի առաջին 50-յակում հայտնվել է բրիտանական միայն 3 բրենդ՝ Vodafone, HSBC և Tesco, չինական 2 բրենդ (ICBC և China Construction Bank), ֆրանսիական 2 բրենդ (BNP Paribas և GDF Suez) և մեկական ապրանքային նշան Նիդերլանդներից և Շվեյցարիայից (Shell և Nestle):

Ռուսական ամենաթանկ բրենդը ճանաչվել է Сбербанк-ը, որը զբաղեցրել է 63-րդ հորիզոնականը (14,16 մլրդ ԱՄՆ դոլար):

Share